Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՙՓԱՐՎԵՄ ԲԱԼԵՆՈՒՆ` ՉՄՐՍԻ…՚

Խոսուն վերնագրով գողտրիկ այս գիրքը ձեռքս առնելուս նպատակը գրախոսություն գրելը չէր, այլ նախկին ուսանողիս պոետական ընթացքին հետևելը: Նպատակ չունենալով բացահայտել Դավիթ Միքայելյան բանաստեղծի աստիճանական ձևավորման ու հասունացման ընթացքը, նրա պոետական հունձքի շերտերը, որոնց բավականաչափ ծանոթ եմ, կփորձեմ ուղղակի արտահայտել իմ վերաբերմունքը բանաստեղծ ուսանողիս ստեղծագործական աշխարհի հանդեպ` նշանակետն ուղղելով դեպի նրա նոր գիրքը:
Հաճույքով ՙըմբոշխնեցի՚ այն` տեսնելով արդեն հասուն բանաստեղծի զգացումների գերխտացումներ, պատկերային յուրօրինակ հյուսվածքների հետաքրքրաշարժություն և   ամենակարևորը` անսահման լույս ու արև, որ յուրաքանչյուր  բանաստեղծի գոյության իմաստն է, մնայուն լինելու գաղտնիքը: 
Դ. Միքայելյանը նախ և առաջ ապահովում է բանաստեղծ-ընթերցող կապը` այն հաստատ համոզմունքով, որ  ինչքան գրողը մոտ է բնությանն ու երկրին, որքան խորն  են կապվածության արմատները, այնքան փարթամորեն  վերընձյուղվում են բողբոջները, այնքան դյուրին է  նշմարվում աշխարհի ամբողջականությունը:
Եթե բանաստեղը ներշնչված է մարդու և աշխարհի  սիրով, ապա բնական է հնչում հույզը, ապրումը, այնքան զուլալ է գործում երևակայությունը: Դ. Միքայելյանի պոեզիայի գերող ուժը սերն է մարդու, նրա արմատների, օջախասիրության, պատվախնդրության, բարձր բարոյականության հանդեպ:
Ամբողջության մեջ գիրքը կյանքի գեղեցկագույն էջերի փնտրտուք է: Ոչ բոլոր բանաստեղծներին է հաջողվում որոնումների մեջ հեշտ շոշափել կյանքի և ժամանակի զարկերակը, հեշտությամբ սպեղանի դնել ժամանակի ցավոտ խնդիրներին: Կարեկցել, գթալ յուրովի, մարդկայնորեն,  փորձել լավով վարակել, վատի մեջ փնտրել լույսի  հյուլե, բարության նշխար:
Գրքի մեծագույն արժեքը թերևս հեղինակից դեպի ընթերցողի հոգին հորդացող ապրելու, հարատևելու լույսն է։  
Երկինք ու երկրի անքակտելի կապն ենք տեսնում Դ. Միքայելյանի բանաստեղծություններում: Երևույթների էության մեջ բանաստեղծը սուզվում է իր ոճով ու ոգով, իր ձևով և յուրօրինակ համեմատությունների միջոցով հասնում է  ընդհանրացման, որի համար գյուտ են դառնում կոնկրետ առարկայական երևույթները: Դրանք հորդում են դեպի կյանք, աշխարհ, հայրենիք: Ընդունված ճշմարտություն է` յուրաքանչյուր առարկա կամ պատկեր  ճանաչողական դառնալու համար պետք է հոգեբանական  հիմք ունենա, դառնա դյուրընկալ, դառնա շարժում, իմաստավորում: Այս առումով Դ. Միքայելյանի ժողովածուն էջ առ էջ շարժում է դեպի կյանք, դեպի գեղեցիկն ու վսեմը:
Ժողովածուն մտերմիկ ձայների որոնում է, երազ աշխարհում սփոփանքի ու հանգրվանի փնտրտուք, որ զերծ է ներքին ջղագրգռումներից, ներքին խռովքից: Ոչ թե ոտանավորական  մոլուցքն է բանաստեղծին տանում դեպի երևույթների փնտրտուքը, այլ խոհուն ու համեստ կեցվածքը ընթերցողին մտցնում է բանաստեղծական աշխարհ, զգացումների պոետական կիզակենտրոն, հոգու թաքուն գանձարանները, ուր լույս  ու բերկրանք կա, ապրելու տենչ: 
ՙԽավարում ինձ մի որոնեք՚ շարքը  Արցախի ճակատագրով ապրող բանաստեղծի սրտի խոսքն է` վերածված հայրենաշունչ երգերի` նվիրված զոհված ազատամարտիկների  պայծառ հիշատակին: Նորից հավերժում է լույսը` իբրև նշխար-նշխար ժողոված ծաղկեփնջեր, որ արտասվում են Վազգեն Սարգսյանի, Աշոտ Ղուլյանի, Մարատ Ավանեսյանի, Դավիթ Պետրոսյանի, Սամվել Զաքարյանի և մյուս քաջորդիների` քարե հուշ դարձած շիրիմներին: Այդ բանաստեղծությունները մի-մի դաս  ու դպրոց են` հավերժահունչ, մշտնջենական, վարակող: 
Ժամանակին Դ. Միքայելյանի մանկագրության մասին հեղինակավոր խոսք է ասել Գ. Գաբրիելյանը: Հոգեբանական նրբությամբ հեղինակը բացահայտում է մանկան  հուզաշխարհը: Փոքրիկի աչքի առաջ քայլ առ քայլ բացվում են մեր մասունքների դռները` դառնալով դաս ու աղոթք: Մանկան սրամտությունից են հյուսված ՙԾերերին շատ չի հարմար՚, ՙԿախարդ սունկը՚, ՙԾորակը նիհարում է՚,  ՙԿաթը ջրիկ է դառել՚ բանաստեղծությունները:
Ժողովածուն զերծ չէ որոշ թերություններից: Երբեմն գեղարվեստական ընդհանրացումները ճապաղ են, որոշ բանաստեղծություններում էլ զգացվում է գեղարվեստական կոնկրետության պակաս: Սրանք ամենևին ստվեր չեն ձգում  ժողովածուի գաղափարական հարստության ու  գեղարվեստական արժանիքների վրա: Լավն ու դրականը անթաքույց առավելություններ են, որոնք հեղինակի նաև հետագա ստեղծագործական զարգացման նախադրյալներն են:
Ամեն մի արվեստագետ միշտ էլ սրտատրոփ սպասում է իր հիմնական ու կարևոր երկին: Դ. Միքայելյանի հիմնական երկը դեռ կծնվի, որովհետև հեղինակն ունի արդիական ժամանակաշրջանն  ու կենսական խնդիրները սեփական բանաստեղծական աշխարհով մեկնաբանելու կարողություն։ 
 
Անահիտ ԱԹԱՅԱՆ
ԱրՊՀ հայ գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.